Place names

Place names

Postby Hayrik » 15 Aug 2008, 14:35

Տեղանուն
Ողջո՜յն,
Սոյն շարանում, աշխատելու եմ մեկնաբանել վայրերի անուններ, տեղանուններ, որոնց բացատրութիւնը գուցէ հետաքրքիր լինելու է համշէնցիներին, բոլո՜ր համշէնցիներին: Կատարելիքս ստուգաբանումները միայն հայերէնով կարող եմ կատարել:
Hayrik
 
Posts: 193
Joined: 08 Mar 2007, 19:26

Re: Place names

Postby Hayrik » 15 Aug 2008, 14:38

Երկար ժամանակ է ի վեր մտածում եմ Ճորոխ գետի անուան մասին: Բխում է Հայաստանից (պատմական), հոսում է Հայաստանում, թափւում է Սեւ ծով՝ անցնելով այժմ աջարներով բնակուած պատմական Եգր երկրից:
Այսպիսի մի մեծ գետ, չէր կարող այլ ժողովուրդներին ծանօթ չլինել, մանաւանդ՝ Սեւ ծովի ափամերձ քաղաքներում գաղութներ հիմնած յոյներին, յոյն աշխարհագէտներին եւ այլ ժողովուրդներին: Ստրաբոնի քարտէսում, Ճորոխը յիշատակուել է Ակամսիս անունով, իսկ հին հայ մատեաններում, աշխարհագէտների աշխատութիւններում Վոհ անունով: Ինձ հետաքրքրողը, Վոհ անունն է, եւ թէ ինչո'ւ այդ անունը, դուրս է մղուել գործածումից:
Մտածեցի՝ գուցէ Ճորոխ անուան ստուգաբանումը, լոյս կը սփռի այս ամենի վերայ:
Գաղտնիք չէ, որ արեւմտահայ բարբառներում, հայոց ջ տառը հնչում է ç-ի նման (կամ՝ չ-ի նման): Գաղտնիք չէ նաեւ, որ երբեմն, գետերի անունները բովանդակում են տարբեր ածականներ, առաւել ջուր գոյականը, որ այստեղ նշանակում է գետ:
Այսպէս՝ Թթուջուր (=Acid water "river"), Սեւջուր (=Black water), Խոտորջուր (=Skewed water), որոնք բոլորն էլ Պատմական Հայաստանում գետերի, առուների անուններ են: Ուրեմն՝ օրինակներ կան, գետերը ջուր գոյականով կոչելուն:
Գալով Վոհ անուան, թերեւս գետի անուան սկզբնական ձեւն է եղել Ոհ (որ գրաբարեան «դասական» հայերէնի հնչիւնաբանութեամբ արտասանւում է OH), ու հետագայում տեղական բարբառների ազդեցութեամբ դարձել է՝ Վոհ: Այնպէս որ՝ հայերէն ով (OV) հարցական դերանունը ոմանք արտասանում են վով (VOV),-ինչպէս՝ Վովա (ով է),- հայոց Ոսկան (OSCAN) անունը արտասանւում է Վոսկան (VOSCAN), նմանապէս հաւանական է, որ Վոհ-ի սկզբնական ձեւն է եղել Ոհ:
Այնումենայնիւ, Վոհ կամ Ոհ, ինչէս էլ լինի, մենք հասկանում ենք, որ այդ գետի հին հայկական անունն է եղել այս երկու ձեւից մեկը: Բայց ինչո՞ւ չի պահպանուել հին անունը:
Իրականում, կարծում եմ թէ պահպանուել է, միայն բարդուելով ջուր գոյականով: Ու քանի որ Ոհջուր, կամ Վոհջուր արտասանութիւնը խոտելի էր արտասանութեան, բարդբառի գետ նշող ջուր բաղադրիչը առաջ է եկել ու բարդբառը դարձրել է՝ Ջուրոհ (կամ Ջուրվոհ):
Բայց գետի անունը հայ գրագիրները արձանագրել են Ճ եւ խ տառերով, այսպէս՝ Ճորոխ: Ջուր-ի ու երկբարբառը դարձել է ո:
Գործս դժուարացաւ: Բայց չէ՛, ըստ իս՝ գետի անունը արձանագրող հայ մատենագիրների բարբառը արեւելահայ (կամ Մեսրոպեան) հնչիւնաբանութեան մօտ է եղել, դրա համար էլ, տարածքի բնակչութեան արտասանած Ջուրոխը, որ արեւմտահայ արտասանութեամբ հնչում է Çurox, արձանագրել են Ճ տառով՝ Ճորոխ: Իսկ անուան վերջի տառի. Հխ դառնալը շատ սովորական եւ տարածուն երեւոյթ է եղել հայերէնի բարբառներում, օրինակ՝ Վանի, Ալաշկերտի բարբառներում: Հացի փոխան՝ խաց, Հայի փոխան՝ Խայ ձեւերը եղել են ու դեռ կան Հայաստանի Հանրապետութեան Գեղարքունիք մարզում, Գեաւառում:
Արժէ յիշել, որ գետի անունը թուրքերէնով էլ արձանագրուել է Çoruh, այսինքն Մեսրոպեան տարադարձութեամբ՝ Ճորուհ:
Ջուր Վոհ> Ջուրոհ>Ճորոհ>Ճորոխ
Hayrik
 
Posts: 193
Joined: 08 Mar 2007, 19:26


Return to Armenian · Армянский · Հայերեն · Ermeni Dili

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests

cron

Rambler's Top100