Հայկական երգերը՝ բռնի կրօնափոխւած համշէնցիների ինքնութեան

Հայկական երգերը՝ բռնի կրօնափոխւած համշէնցիների ինքնութեան

Postby Hayrik » 18 Sep 2008, 10:55

Հայկական երգերը՝ բռնի կրօնափոխւած համշէնցիների ինքնութեան յիշողութիւն եւ դրսեւորում (Շար. 5)
Համշէնցիների բարբառն ունի խօսւածքային տարբերակներ։ Ցաւօք՝ նրանց բարբառը դեռեւս համալիր կերպով ուսումնասիրւած չէ։ Այդուամենայնիւ, այդ բարբառով որոշ բանահիւսական նիւթեր գրառւել են։ 1960-ական թթ. ֆրանսիացի լեզւաբան Ժ. Դիւմեզիլը գրառումներ է կատարել Ստամբուլում սովորող կրօնափոխ համշէնցիներից։ Ս. Վարդանեանը գրի է առել եւ 1989 թ. հրատարակել Խոփային յարակից Աջարիայի սահմանամերձ գիւղերից 1944 թ. Միջին Ասիա աքսորւած կրօնափոխ համշէնցիների խաղիկներն ու հեքիաթները‘ կազմելով նաեւ համապատասխան բառարան։ Ս. Վարդանեանը նրանց լեզուն համարում է Համշէնի բարբառի առանձին խօսւածք, որը զգալի տարբերութիւններով հանդերձ՝ համեմատաբար մօտ է Տրապիզոնի շրջակայ գիւղերի խօսւածքին։ Այն բաժանւում է երկու ճիւղի. «.... արդլեցիների եւ թուրցեւանցիների (այսինքն՝ Արդալա գիւղի բնակիչների եւ դրսեցիների)»։
Թրքական իշխանութիւնները, չկարողանալով Արդւինի նահանգի մահմեդական համշէնցիներից վերջնականապէս արմատախիլ անել հայախօսութիւնը, պաշտօնական պատմագրութեան միջոցով ոչ միայն խճճում եւ աղաւաղում են Համշէնի պատմութիւնը, համշէնցիների ծագումնաբանութիւնը, այլեւ յայտնի կեղծարար Մ. Սաքաօղլուի միջոցով յայտարարում, որ համշէնցիները բացի թուրքերէնից՝ ուրիշ լեզու չեն իմացել։ Նրանց թուրքերէնն էլ հին օղուզի կամ սաքա ցեղի բարբառն է, որի ձայնաւորով սկսւող բառերի սկզբում «H» կամ «Kh» է աւելանում։ Մ. Սաքաօղլուն գրում է, որ անասնապահութեամբ զբաղւող որոշ համշէնցիների լեզւում տեղական կովկասցիների (իմա՝ լազերի- Լ. Ս.) հետ յարաբերութիւնների եւ բարեկամութեան արդիւնքում մի քանի բառ է ներմուծւել։
Մ. Սաքաօղլուն իր գրքում նշում է նաեւ համշէնցիների թուրքերէնում այսօր էլ գործածական մի շարք բառերի օրինակներ‘ որեւէ խօսք չասելով, որ դրանց մի մասը մնացել է նախկինում հայախօս համշէնցիների խօսակցական լեզւից‘ օնվաք/oվանք (ջրում եփւող անասունակեր), հեղեզ (խորխորատ), շիմ (շեմ), քեթեման (կովերի աղի աման), Փալովիթ (տեղանուն), էսեւ Ասփա(ձ)-բացականչութեան արտայայտութիւն (Աստւած), աղու (թոյն), Չեմակ (Ճերմակ), շերադ (պանիր պատրաստելուց յետոյ մնացած ջուրը, շիճուկ), քաքանոչ (արտաքնոց), քող (հաւի թուխս նստելը), աշ/չաշ-եգիպտացորենից եւ ցորենից պատրաստւած ապուր (ճաշ), փելիթ-(բլիթ, բացւած հաց)։ Ի դէպ, դրանցից մի քանիսը որպէս հայկաբանութիւններ՝ կան Բլեսինգի կազմած ցանկերում։
Մի այլ թուրք կեղծարար՝ Մ. Քըրզըօղլուն, ընդունելով Խոփայի համշէնցիների լեզւի հայկական բարբառ լինելը, այն կրողների ծագման մասին առաջարկում է յօրինովի տեսութիւններ, որոնք, ինչպէս վկայում է Ա. Ալթը, համշէնցիների շրջանում, ցաւօք՝ մեծ հանրաճանաչութիւն են ձեռք բերել։ Ըստ նրա՝ Մ. Քըրզըօղլուի մշակումները դարձել են համշէնցիների ինքնութեան անբաժանելի մասը։ Շատերն այնքան են հեռացել հայկական արմատներից, որ իրենց համարում են օղուզական կամ բալքարական, կամ աքքադական ցեղերի սերունդ, կամ էլ Միջին Ասիայից ու Խորասանից եկած մի ժողովուրդ։ Ա. Ալթը նշում է, որ համշէնցիներն իրենց վերագրում են ամէն տեսակի ծագում, բայց ոչ՝ «մահմեդական հայ» եւ «միայն հատուկենտ համշէնցիներ են գիտակցում այս տարբերութիւնները»։ Ա. Ալթն աւելացնում է նաեւ, որ այսօր, ըստ էութեան, գրեթէ չկայ կրօնափոխւած, մահմեդականացած որեւէ համշէնցի, որ իրեն հայ է ճանաչում. «Պատմական իրականութիւնը բացառելու, մշտական լռութեան եւ իրենց ծագումը մերժելու հանգամանքը, անշուշտ, վկայում է, որ համշէնցիների մօտ նկատւում է ինքնագիտակցութեան եւ ինքնութեան կորուստ» ։

Կրօնափոխ համշէնցիների երգերը
Այդուհանդերձ՝ իրենք իրենց «հոմշէնցի, հոմշեցի» անւանող հայախօս մահմեդականների մերօրեայ սերունդները վերջին մի քանի տարիներում սեփական արմատների որոնման հետաքրքիր դրսեւորումներ ունեցան. նրանց բարբառով Թուրքիայում նկարահանւեց «Մոմի» ֆիլմը, թողարկւեցին նաեւ Համշէնի բարբառով երգեր ընդգրկող 2-3 խտասկաւառակներ: Յատկապէս արժէքաւոր է 2005 թ. Թուրքիայի համշէնցիների նախաձեռնութեամբ թողարկւած «Վովա» «Vova» («Ո՞վ է») (Համշէնցու խաղ, Hemshin Ezgileri) երգերի սկաւառակը։ Նրան կից հրապարակւած գրքոյկում համառօտ կերպով ներկայացւած է Համշէնի եւ համշէնցիների պատմութեան երկու տարբերակ. մէկը՝ համշէնցիների հայկական ծագումը հաւաստող, իսկ միւսը ծանօթացնում է թրքական յօրինւած վարկածին։ Գրքոյկը եռալեզու է‘ կրօնափոխ համշէնցիների բարբառով‘ թուրքերէն տառադարձումով, եւ այդ նոյն տեքստերի անգլերէն, թուրքերէն թարգմանութիւնները։ Նշենք, որ թուրքերէն տառադարձման հետեւանքով՝ որոշ բաղաձայն հնչիւններ ճշգրտօրէն չեն արտացոլւել, թուրքերէն բաժնում կան նաեւ առանձին բառերի ոչ-ճիշտ թարգմանութիւններ։
Տեքստերն ու երգերը վերականգնել եւ թարգմանել ենք ժամանակակից հայերէնի։ Թարգմանութեան ընթացքում մի շարք բարբառային բառերի ճշտումների եւ արժէքաւոր խորհուրդների համար շնորհակալութիւն ենք յայտնում «Ձայն համշէնական» թերթի գլխաւոր խմբագիր, բանասէր-ազգագրագէտ Ս. Վարդանեանին։
Գրեց : ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ «Ալիք» օրաթերթ
Hayrik
 
Posts: 193
Joined: 08 Mar 2007, 19:26

Return to Armenian · Армянский · Հայերեն · Ermeni Dili

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


Rambler's Top100