Համշենահայեր. հայկական էթնոսի ենթախումբ

Համշենահայեր. հայկական էթնոսի ենթախումբ

Postby Hayrik » 22 Sep 2008, 13:12

01 Փետրվարի 2007
Համշենահայեր. հայկական էթնոսի ենթախումբ Միխայիլ Աղաջանյան
Մեր նախորդ աշխատանքներում մենք շոշափել էինք իրենց պատմական բնակության տարածքներում այլալեզու և այլադավան, բռնի կերպով մշակութային, լեզվական, կրոնական ուծացման ենթարկված հայերի թեման, այն հայերի, որոնց ժառանգները ներկայումս բնակվում են Թուրքիայի Հանրապետութան հյուսիսարևելյան շրջաններում։ Մեր կարծիքով, առանձին ուշադրության է արժանի հայկական էթնոսի ենթախմբերից մեկի՝ համշենահայության ներկա վիճակի ուսումնասիրությունը1։

Այս ենթախմբի հանդեպ, որի կազմում լայնորեն ներկայացված է իր բնակության պատմական տարածքների այլալեզու և այլադավան հայերի ներկայիս սերունդը, հատուկ ուշադրությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները.

հայերի այս էթնիկ ենթախմբի բացառիկությունը. համշենցիները, ի հեճուկս թյուրք էթնոսի ճնշումների, մեծ մասամբ պահպանել են իրենց էթնիկ արմատների գիտակցումը,
համշենցիների կրթված ներկայացուցիչներից շատերի՝ իրենց պատմական, լեզվամշակութային ու կրոնական բացառիկության արմատները բացահայտելու ժամանակի հետ խորացող ձգտումը, ինչը նրանց մեջ անխուսափելիորեն կամրացնի հայկական ազգային արմատներին ու հայկական մշակութային-քաղաքական կենսաշխարհին իրենց պատկանելության գիտակցումը,
համշենցիների «մշակութային վերածննդի» կոնկրետ ու տեսանելի արտահայտվածությունը ներկա փուլում2,
Թուրքիայի հյուսիսարևելյան շրջաններում համշենցիների անջատ բնակված լինելու աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական կարևորությունը. այդ տեղով են անցնում ապագայում հնարավոր է վերանայման ենթարկվելիք պետական սահմանները, արդյունավետ գործող առևտրատրանսպորտային մայրուղիներն ու էներգակիրների տարանցիկ խողովակաշարերը։
Որպես համշենահայերի առավել մահմեդականացված հատված ազգագրագետներն առանձնացնում են, այսպես կոչված, Բաշ-Հեմշիլներին և Հոպա-Հեմշիլներին, որոնք հիմնականում բնակվում են Թուրքիայի հյուսիս արևելքում և առավելագույնս հեռացել են իրենց «էթնոմշակութային կենաց ծառի» ՝ հայկական էթնոսի արմատներից։ Նշված խմբերի կազմավորման պատմությունը սկիզբ է առնում Համշենի հայերի բռնի մահմեդականացման ժամանակներից։ Հավատափոխությունը համշենահայերին գլոբալ մշակութային ձևախեղման հանգեցրեց՝ կենցաղային-մշակութայինից սկսած մինչև հանրային կազմակերպվածություն և, որպես արդյունք, ազգային ինքնագիտակցության կորուստ։

Ըստ Բերթ Վոքսի (Bert Vaux), համշենահայերը բաժանվում են երեք հիմնական խմբի.

արևմտյան խմբի համշենցիներ (հեմշինլի) - Բաշ-Հեմշինի բնակչությունն է։ Այս խմբի ներկայացուցիչները հիմնականում ապրում են թուրքական Ռիզե վիլայեթի գյուղերում։ Նրանք սուննի մահմեդականներ են, որոնք մեծ թիվ են կազմում Չամլիհեմշինի (Վիյա) և Հեմշինի շրջաններում։ Այս խմբի ավելի փոքրաթիվ ներկայացուցիչների համայնքներ ապրում են Թուրքիայի ծայր արևմուտքում և օգտագործում են թուրքերենի մի յուրատեսակ բարբառ («հեմշինջե»),
արևելյան խմբի համշենցիներ (հոմշեցի) - Հոպա-Հեմշինի բնակչությունն է։ Հոմշեցիները բնակվում են Արդվինի շրջակայքում. մեծ մասը՝ Քեմալփաշա (Մաքրիալի) քաղաքում, Հոպայի շրջանում, Բորչկայի շրջանի Մուրատլի (Բերլիվան) գյուղում։ Ինչպես և հեմշինլիները, հոմշեցիները սուննի մահմեդական են, միմյանց հետ շփվելիս օգտագործում են հայոց լեզվի արխայիկ բարբառներից մեկը («հոմշեցու լեզու»),
հյուսիսային խմբի համշենցիները (համշենցիներ) համշենցիների չմահմեդականացած մասի սերունդներն են, որոնք լքել են պատմական Համշենը մնացյալ բնակչության մահմեդականացման շրջանում։ Այս խմբի ներկայացուցիչները հիմնավորվել էին Սամսունի, Կուրշունլուի, Օրդուի, Գիրեսունի և Տրապիզոնի (այս քաղաքից դեպի արևելք գտնվող «սև գետակի»՝ Ղարա-դերեի հովտում) տարածքներում։ Նրանց մեծ մասն այժմ ապրում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում։ Լինելով քրիստոնյա՝ նրանք պահպանում են իրենց ինքնատիպ մշակույթն ու համշենյան ինքնագիտակցությունը։ Ինչպես և արևելյան խմբի համշենները /հոմշեցիները/, նրանք խոսում են Համշենի բարբառով3։
Բացի վերոնշյալ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական ու մշակութային գործոններից, Կրասնոդարի երկրամասում4 համշենցիների այսօրվա զգալի ներկայության շնորհիվ նրանց կրթված ներկայացուցիչների շրջանում մեծ է հետաքրքրությունն իրենց էթնիկ-կրոնական և լեզվամշակութային պատկանելության, ազգային նույնականության և դրանց ուսումնասիրության հանդեպ։ Այդպիսի հետազոտողներից է Կրասնոդարի երկրամասի գիտական, տեղեկատվական-մշակութային «Համշեն» կենտրոնի նախագահ Արտավազդ Թուլումջյանը։

2004թ. ապրիլի 12-20-ը և 2005թ. հուլիսի 18-22-ը Ա.Թուլումջյանը երկու ազգագրական արշավախումբ է կազմակերպել դեպի Թուրքիայի հյուսիս արևելք, որոնց նպատակն էր Համշեն (Հեմշին) գավառ այցելելն ու մահմեդական համշենցիների էթնիկ խմբերն ուսումնասիրելն էր։ Ստորև քաղվածքներ են բերված արշավախմբի այցելության արդյունքների հիման վրա կազմված զեկույցից, որը որոշակի պատկերացում է տալիս Թուրքիայի Հանրապետութան հյուսիսարևելյան շրջաններում բնակվող այլալեզու և այլադավան հայերի ներկա վիճակի մասին5։

«Հոպա-Հեմշիլներ (հոմշեցիներ)։ Արշավախմբի առաջին կանգառը Արդվինի վիլայեթն էր, ուր բնակվում են Հոպա-Հեմշիլներ. ինքնանվանումը՝ հոմշեցիներ։ Համշենահայության մեջ սա միակ խումբն է, որ շարունակում է օգտագործել ներէթնիկ ինքնանվանումը (էնդոէթնոնիմ)՝ հոմշեցի (Homshieci)։

Նրանք բնակվում են մարզի Հոպայի ու Բորչայի շրջաններում։ Ըստ հավաքված տեղեկությունների՝ Հոպա-Հեմշիլների թվաքանակը կազմում է մոտ 30-40 հազար մարդ։ Նրանց մեծ մասն ապրում է Հոպայի շրջանում (մինչև 20 հազար մարդ)։ Փոքր համայնքներ գոյություն ունեն նաև Սամսունում, Ստամբուլում և Թուրքիայի արևմտյան այլ քաղաքներում։

Հոպա-Հեմշիլներն իրենց բաժանում են երկու հիմնական խմբի. «Ջերմակցիների» (ճերմակ) ենթախումբը ներառող «Տուրցևանցիների» մեծ խումբը և ավելի փոքրաթիվ «Արդլեցիների» խումբը։ Գոյություն ունի ևս մեկ խումբ, որն իրեն համարում է «Տուրցևանցի», բայց իրեն մեկուսի է պահում և գործնականում ինքնուրույն խումբ է։ Դա «Թոփալ-օղլի» խումբն է։ Այս բոլոր խմբերի ներկայացուցիչները գիտակցում են իրենց փոխկապվածությունն ու միասնական հանրության մաս լինելու փաստը, ինչն արտահայտվում է ընդհանրական ինքնագիտակցություն ու ընդհանուր ինքնանվանում (հոմշեցիներ) ունենալու փաստով։

Այսօր Հոպա քաղաքում հեմշիլները մեծամասնություն են կազմում և թվաքանակով գերազանցում են լազերին։ Ավելին, 2004թ. առաջին անգամ Հոպայի քաղաքապետ ընտրվեց «Թոփալ-օղլի» գերդաստանի հեմշիլը։ Այդ ընտրությունները Թուրքիայով մեկ հայտնի դարձան շնորհիվ այն բանի, որ Հոպան միակ քաղաքն էր, ուր քաղաքապետ ընտրվեց կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը։ Ուշագրավ է, որ հեմշիլների շրջանում ժողովրդականություն են վայելում կոմունիստական հայացքները։ Կոմունիստական գաղափարների կրողները հիմնականում «Տուրցևանցիներն» են։ Նրանք իրենց համարում են համշենահայերի ժառանգներ, ունեն աթեիստական հայացքներ, հայկական անուններ, իսկ որոշ տվյալներով՝ նրանց մեջ նոր մկրտվածներ կան։ Բայց դրանից ինչ-որ եզրակացություն անելը դեռ վաղ է, եթե հաշվի առնենք, որ այս գործընթացները կարճ ժամանակ է, ինչ սկսվել են և սոցիալական բողոքի արտահայտություն են։

Հարկ է նշել, որ շփոթ կա Թուրքիայի գյուղանվանումների մեջ։ Ամբողջ Թուրքիայում ոչ թուրքական անվանումներն աստիճանաբար փոխվում են թուրքականի, ինչը տեղի է ունենում նաև Հոպայի շրջանում, ուր աշխարհագրական անունների մեծ մասը լազերեն է։ Նույն գյուղաքաղաքը պաշտոնական անվանմանը զուգահեռ կարող է ունենալ մի քանի հին անվանումներ՝ կախված նրանից, թե բնակավայրի որ թաղի մասին է խոսքը։ Պաշտոնական տվյալներով՝ Հոպայի շրջանում (քաղաքի հետ միասին) կա 31 բնակավայր։

Ա.Թուլումջյանը գրում է. «Թոփալ-օղլի» գերդաստանի ներկայացուցչի հետ կարճատև զրույցիս ժամանակ ես հարցրի, թե գիտի, արդյոք, իր նախնիների ծագման մասին։ Նա հստակ պատասխանեց. «Մենք հայեր ենք, ինչպես և մեր նախնիները։ Այստեղ ենք եկել Հեմշինի Հալա գետահովտի Ափսա գյուղից»։ Այս պատասխանն ինձ ապշեցրեց, և ես թերահավատությամբ հարցրի. «Մի՞թե դա ձեր նախնիներից եք իմացել։» Պատասխանեց. «Ոչ, նրանք դա չէին հիշում, բայց մենք հոմշեցի ենք, ուրեմն ծնունդով Հեմշինից ենք։ Մենք խոսում ենք հայերեն լեզվով, իսկ Ափսա գյուղում հիմա էլ դեռ ապրում են «Թոփալ-օղլի» հայեր, միայն թե մոռացել են հայերենը։» Ինձ համար պարզ դարձավ, որ այս մարդն ինքնուրույն մոդելավորել է իր անցյալն ու նույնականացրել իր ազգային պատկանելությունը՝ գիտական հիմնավորման կարիքը չզգալով։ Նրա խոսքերով՝ այդ կարծիքին է «Տուրցևանցիների» մեծ մասը։ Ուշագրավ է, որ դա հակասում է իմ հանդիպած «Արդլեցիների» խմբի կարծիքին. նրանք իրենց հայ չեն համարում և ենթադրաբար ընդունում են, որ շատ դարեր առաջ գուցեև իրենց նախնիները հայ են եղել։ Կուզեի նշել, որ խոսակցությունն ընթանում էր հայերենի Համշենի բարբառի երկու խոսվածքներով։

Հոպա-Հեմշիլների ինքնանույնականացման վերաբերյալ պատկերացումների հետ մեր հետագա ծանոթությունը ցույց տվեց, որ ընտրությունը կախված է նրանց՝ այս կամ այն տեղային խմբին պատկանելությունից, քաղաքական հայացքներից ու տնտեսական շահերից։ Իմ կարծիքով՝ Հոպա-Հեմշիլների 15-20%-ը հայերի հետ իրեն նույնականացնում է գաղափարապես՝ որպես կոմունիստական կուսակցության կողմնակիցներ, ընդ որում՝ ևս 50%-ը համակարծիք է նրանց հետ՝ կախված քաղաքական կամ տնտեսական իրավիճակից, իսկ մնացած 30%-ը թունդ հակառակորդներ են։ Սույն վերլուծությունը հիմնավորվում է 2004թ. ընտրությունների արդյունքներով, որոնց ժամանակ, փաստորեն, բոլոր Հոպա-Հեմշիլներն իրենց ձայնը տվեցին մի թեկնածուի, որն առաջադրվել էր կոմունիստական կուսակցության կողմից և չէր թաքցնում, ինչպես և իր շրջապատը, իր հայ լինելը։

2005թ. Հոպայի քաղաքապետարանը մշակութային փառատոն անցկացրեց, որին մասնակցեցին Հայաստանից, ինչպես նաև «Քուրդիստանից» ու «Լազիստանից» հրավիրված մասնակիցներ։ Իրենց ելույթները նրանք սկսեցին «հեմշիլերեն», լազերեն, վրացերեն, քրդերեն ողջույններով։ Քրդերի ներկայացուցիչը հայտարարեց, որ Հոպան ազատ շրջան է, քանի որ հեմշիլներն իրենց եղբայրներն են և իրենց կողքին են Քուրդիստանի ժողովուրդների ազատության համար պայքարում։ Դրանից հետո քարկոծվեց թուրքական կուսակցություններից մեկի առաջնորդի շքախումբը. նրան թույլ չտվեցին քաղաք մտնել։ Այս բոլորն առաջացրեց հեմշիլների մի մասի (հիմնականում՝ «Արդլեցիների») դժգոհությունը, քանզի վերջիններս անհանգստացած են քաղաքական գործընթացների մեջ ներքաշված լինելու հեռանկարից և չեն ցանկանում միմյանց հակադրել հեմշիլներին ու թուրքերին։

Բաշ-Հեմշիլներ (թուրք-հեմշիլներ)։ Պատմամշակութային Համշեն գավառը (Հեմշին) գտնվում է Ռիզե վիլայեթում՝ Տրապիզոնից 120կմ արևելք և ներառում է վիլայեթի հետևյալ շրջանները. Հեմշին, Չամլի-Հեմշին և, մասնակիորեն, Չայելի և Իքիզդերե։

Բաշ-Հեմշիլների հիմնական մասն իրեն համարում է թուրք ժողովրդի էթնիկ խումբ, ինքնանվանումն է՝ թուրք-հեմշիլ (Turk-Himshili)։ Նրանց մեծ մասը տեղափոխվել է լեռնային շրջաններից և ապրում է Ռիզե վիլայեթի քաղաքներում՝ Ֆունդեքլի, Չայելի, Քափթանփաշա, Փազար (Սարվիցա թաղամաս) և Ռիզե (Չիմիլ թաղամաս)։ Չայելիում և Ռիզեում բաշ-հեմշիլները բնակչության կեսից ավելին են կազմում»։

Ինչպես գրում է Ա.Թուլումջյանը, առաջին արշավն ուղևորվեց Չամլի-Հեմշինի շրջան։ Շրջանի գրեթե ողջ տարածքը զբաղեցնում է Քաչքար ազգային արգելոցը։ Հեմշինի բնակավայրերի, լեռների, տեղանունների մեծ մասում կարելի է գուշակել հայկական կամ, համենայնդեպս, ոչ թուրքական աշխարհագրական անունների բառարմատներ։ Օրինակ՝ սարերի անունները. «Քաչքար» - խաչքար, «Վերչենիկ» - վերջ, «Թաթոս» - հայկական անուն է, կամ՝ ավանների ու բնակավայրերի անվանումները. «Խաչիվանակ» - խաչ և վան (խաչի տեղ), «Պալովիտ» - բալ և հովիտ, «Կարմիկ» - կարմիր և այլն։

Որքանո՞վ են այսօր այս մարդիկ գիտակցում իրենց ազգային արմատները։ Այդ արմատները գիտակցել սկսող մարդկանց մի մասը ցնցման պես մի զգացողություն է ապրել և ժամանակավորապես կորցրել է ուղենիշերը. նրանք և նրանց նախնիները վաղուց արդեն իրենց թուրք էին համարում, խոսում էին իրենց «թուրքերեն» լեզվով, որը, հետո պարզվեց, գերակշիռ մասով հայերեն է։ Այժմ նրանցից յուրաքանչյուրը յուրովի մոդելավորում է սեփական ինքնագիտակցությունը՝ ելնելով կոնկրետ ընտանեկան, տնտեսական, քաղաքական իրավիճակից։ Առայժմ հարկ չկա նրանցից միանշանակ պատասխան սպասել «հա՞յ են, թե՞ թուրք» հարցին։

Վերջում օտարերկրյա հետազոտողների մի ուշագրավ դիտարկում ներկայացնենք. նրանք նշում են, որ «ի տարբերություն Թուրքիայի հյուսիս արևելքի մահմեդական համշենցիների հին սերնդի, որոնք, ընդհանուր առմամբ, բացասաբար էին ընկալում «էրմենի» անվանումը (այդպես համշենցիներին հարևան լազերն են կոչում), համշենցի երիտասարդությունը, հատկապես ձախ քաղաքական հայացքների հետևորդները, հայության հետ իրենց նույնականացնելու հակում են դրսևորում6»։

1 «Այս ենթախումբը ձևավորվել է Տրապիզոն և Բաթում քաղաքների միջև ընկած պատմական Համշեն երկրամասում։ Դարեր շարունակ բնակվելով հույների, վրացի-աջարների, լազերի հարևանությամբ՝ համշենահայերը չէին կարող չընդօրինակել այդ ժողովուրդների մշակույթների որոշ արտաքին հատկությունները։ Տարածաշրջանի բնակչության մեջ թուրքական տարրի մեծացումն իր ճշտումները կատարեց համշենցիների էթնիկ նկարագրի մեջ։ Սակայն փոխառնված բոլոր տարրերը լոկ ենթակայական դեր ունեին, այսինքն՝ հարմարեցվում էին համշենցիների ինքնատիպ մշակույթի շրջանակներում։ Չխորանալով հարցի ժողովրդագրական մանրամասների մեջ, ինչը հատուկ ուսումնասիրություն է պահանջում, ասենք, որ համշենցիների ավանդույթների կայունությունն ապշեցնող է. բազմաթիվ գիտարշավները դա են ապացուցում։ Մինչև օրս պահպանվել են բուն Հայաստանում վաղուց կորսված շատ հին բազում ավանդույթներ ու ծեսեր, ինչն արդյունք է գյուղական ապրելակերպի, հիմնական էթնիկ զանգվածից մեկուսացվածության ու հավաքական կենտրոնացվածության։ Զգացվում է նաև համահայկական մշակույթի ազդեցությունը։ Դա հատկապես երևում է Կուբանի երկրամասի Սևծովյան խիստ ուրբանացված առողջարանային գոտում, ուր զգալիորեն ավելացել է հայ բնակչության թիվը՝ ի հաշիվ Հայաստանից տեղափոխվածների։ Արդյունքում՝ տեղի է ունենում համշենցիների մշակույթի փոխակերպում, ինչը հանգեցնում է նրա նույնականացմանն արևելահայկական մշակույթի հետ։ Համշենցի առանձին առաջնորդներ քայլեր են կատարում սեփական ինքնությունը պահպանելու ուղղությամբ։ Այսպես, օրինակ, Տուապսե քաղաքի համայնքապետ Օ.Մ. Փաշյանը դեռևս 1975թ. ստեղծել էր «Համշեն» ազգագրական համույթը, որի նպատակն էր համշենցիների երգերի, պարերի ու երաժշտության պահպանումը, ծեսերի վերածնունդը» (Мгер Симонян, История армянской диаспоры Кубани, http://www.mashtots.ru/history.htm

2 Առաջին խաղարկային ֆիլմը՝ «Մոմի» («Տատիկ»), Համշենի բարբառով, նկարահանվեց 2000թ. Թուրքիայում։ 2005թ. թողարկվեց «Ո՞վ է...» - Երգեր համշենյաց» ժողովրդական երգերի (հիմնականում Համշենի բարբառով) առաջին ձայներիզը («Vova?» - Hamşetsu Ğhağ)։ Հետաքրքրությունը սեփական մշակույթի ու պատմության հանդեպ աճում է նաև Կրասնոդարի երկրամասի քրիստոնյա համշենցիների շրջանում. 2006թ. Կրասնոդարում թողարկվեց ժողովրդական երգերի ձայներիզ՝ «Քարավան» ազգագրական համույթի կատարմամբ։

«Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Շեփսի գյուղի «Սար» համույթը դեռ շատ երիտասարդ է. այն ստեղծվել է 2006թ. ապրիլին, սակայն այդ ընթացքում կարողացել է դրսևորել իրեն՝ մասնակցելով այնպիսի նշանակալի միջոցառումների, ինչպիսիք են «Տուապսե քաղաքի օրերի» տոնակատարությունները, «Շրջանների օրերը», Տուապսեում անցկացված «Հնչում է Համշենյաց զուռնան», Կրասնոդարում անցկացված «Ոսկե խնձոր» փառատոները։ Բոլորովին վերջերս «Սար» համույթի տղաներն ու աղջիկները մասնակցեցին հարազատ Շեփսի գյուղի 118-ամյակին նվիրված տոնակատարությանը և պարերի հետ մեկտեղ հանդիսատեսի դատին ներկայացրին նաև Համշենի բարբառով կատարված երգեր (Газета «Еркрамас», № 10(140), октябрь, 2006г.)։

3Bert Vaux, Hemshinli: The Forgotten Black Sea Armenians, Harvard University, 2001, http://www.uwm.edu/~vaux/hamshen.pdf.

42002թ. համառուսաստանյան մարդահամարի տվյալներով՝ ՌԴ-ում ապրում են 1,5 հազար հեմշիլներ, որոնցից մոտ 1000-ը բնակվում է Կրասնոդարի երկրամասում։ Ռուսաստանյան մարդահամարը համշենահայերին որպես «հաշվառման ենթակա էթնիկ միավոր» չի առանձնացնում։ Աշխարհում կա ընդամենը մոտ 400 հազար համշենահայ, որոնցից մոտ 200 հազարը մահմեդական են։ Քրիստոնյա համշենահայերի մեծ մասը բնակվում է Աբխազիայում և Կրասնոդարի երկրամասում։

5Ա.Թուլումջյանի զեկույցի ամբողջական տեքստինկարելի է ծանոթանալ www.kavkazweb.net/forum/viewtopic.php կայքէջում։

6Bert Vaux, Hemshinli: The Forgotten Black Sea Armenians, Harvard University, 2001, http://www.uwm.edu/~vaux/hamshen.pdf.
Hayrik
 
Posts: 193
Joined: 08 Mar 2007, 19:26

Return to Armenian · Армянский · Հայերեն · Ermeni Dili

Who is online

Users browsing this forum: No registered users and 12 guests


Rambler's Top100