Աբխազահայությունը ողջունում է ԼՂՀ Սահմանադրության ընդունումը

Աբխազահայությունը ողջունում է ԼՂՀ Սահմանադրության ընդունումը

Postby avetik » 03 Mar 2007, 09:58

Աբխազահայությունը ողջունում է ԼՂՀ Սահմանադրության ընդունումը
«Իմ կարծիքով՝ Սահմանադրության ընդունումը Լեռնային Ղարաբաղին լիարժեք իրավունք է տալիս առաջիկայում դառնալ անկախ պետություն։ Ես շնորհավորում եմ Ղարաբաղի ժողովրդին եւ ամբողջ հայությանը Սահմանադրության ընդունման համար»,-այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աբխազիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Աբխազիայի հայկական համայնքի համանախագահ եւ Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը։

Աբխազիայի հայկական համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի մասին զրուցելու էին եկել նաեւ Աբխազիայի հոգեւոր հովիվ Տարոն աբեղա Ղազիկյանը, «Ձայն համշենական» թերթի խմբագիր, «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ Սերգեյ Վարդանյանը։

Աբխազիայում այսօր ապրում են 60 հազարից ավելի հայեր, գործում են 37 հայկական դպրոցներ, որտեղ ուսուցումը կատարվում է հայերենով։ Այս դպրոցներում կրթական ծրագիրը եւ պլանը հաստատվում են ՀՀ ԿԳ նախարարության կողմից։ Աբխազիայի համալսարանում կա հայկական բաժին։ Հանրապետության 7 շրջաններից 6-ում ապրում են հայեր։

Ինչպես նշեց Գ. Տրապիզոնյանը, որը նաեւ ղեկավարել է երկու հայկական գումարտակներից մեկը, վրաց-աբխազական պատերազմում մասնակցել են 1500 հայ տղաներ, որոնցից 250-ը զոհվել են, ովքեր, ինչպես նկատեց խորհրդարանի պատգամավորը, «կռվել են հանուն Աբխազիայի ազատության»։

1992-93 թթ. պատերազմի ժամանակ ոչնչացվել են մի շարք հայկական գյուղեր, այդ թվում՝ բազմաթիվ հայկական դպրոցներ։ Անդրադառնալով հայկական համայնքի այսօրվա վիճակին՝ նա տեղեկացրեց, որ գյուղական համայնքներում հայ բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, բայց հայերը ներկայացված են նաեւ խորհրդարանում եւ կառավարությունում. խորհրդարանում կա 3 հայ պատգամավոր, իսկ գործադիր իշխանության մեջ՝ մեկ նախարար, երեք փոխնախարար, հայերը ներկայացված են նաեւ շրջանային իշխանությունների ղեկավար մարմիններում։

«Այսօրվա դրությամբ վիճակը բարելավվում է, եւ վերջին երեք տարիներին, շնորհիվ զբոսաշրջության բիզնեսի զարգացման, մոտ կես միլիոն զբոսաշրջիկներ իրենց հանգիստն անցկացրել են Աբխազիայում, ինչը իր ազդեցությունն է գործում Աբխազիայի տնտեսության զարգացման վրա»,- ասաց խորհրդարանականը։

Բնակչությամբ երկրորդը լինելով՝ արդյո՞ք աբխազահայությունը քիչ չէ ներկայացված գործադիր եւ օրենսդիր մարմիններում. լրագրողների այս հարցը Գ. Տրապիզոնյանը ճիշտ նկատառում համարեց։ Նրա տեղեկացմամբ՝ պատերազմից հետո ավելի մեծ էր այդ ներկայությունը, սակայն, նրա խոսքով, այսօրվա իրականության պատճառներից մեկն էլ այն է, որ աբխազահայերն ակտիվ չեն այդ գործում։

«Այն շնորհալի եւ պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ Աբխազիայում էին, այսօր գնացել են Աբխազիայից։ Առաջիկայում Աբխազիայում խորհրդարանական ընտրություններ են, եւ մենք աշխատելու ենք, որ այսօրվա մանդատներից ավելի ստանանք»,-ասած Գ. Տրապիզոնյանը` միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ այսօր աբխազահայերի թվում չկան պրոֆեսիոնալ կադրեր, քանի որ այսօր կարեւոր է, որ հայերը կառավարությունում ներկա լինեն ոչ միայն որպես հայ, այլեւ որպես մասնագետ։ 1994-ից Հայաստանում աբխազահայ երիտասարդներն իրենց հատկացված լիմիտներով մանկավարժներ են դառնում, որոնց մի մասը վերադառնում է, մի մասն էլ մնում Հայաստանում։

Ակումբի հյուրը, իր շնորհակալությունը հայտնելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը նման որոշման համար, միաժամանակ նկատեց, որ աբխազահայությանը պետք են նաեւ որակյալ բժիշկներ, իրավաբաններ, տնտեսագետներ, որոնք էլ հետագայում կներկայացնեն տեղի համայնքը ղեկավար մարմիններում։

Տարոն աբեղա Ղազիկյանն էլ իր խոսքում նշեց, որ 2004 թվականի դեկտեմբերին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարձր հովանու ներքո ստեղծվեց Աբխազիայի հովվությունը։ «Երբ մեկնեցի այնտեղ, վիճակը, իրոք, ծանր էր: Նման համայնք ունենալով հանդերձ՝ հայկական եկեղեցի չկար։ Կար միայն փոքր մատուռ Գագրայում։

Աբխազահայությունը տեղյակ չէ հայ եկեղեցու որեւէ ծեսից, տոնակատարություններից, եւ նրանք հիմնականում սովորել են քրիստոնյա աբխազների ծիսակատարությունները»,- իրավիճակն այսպես ներկայացրեց հոգեւոր հովիվը։

Նա հանդիպել է Աբխազիայի նախագահի հետ, եւ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մայրաքաղաքում կառուցել հայկական եկեղեցի, որի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ «Ձայն համշենական» թերթի խմբագիր, «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ Սերգեյ Վարդանյանն էլ ներկայացրեց 1992 թվականին հիմնադրված «Համշեն» հայրենակցական-բարեգործական միության կատարած աշխատանքը, նշեց, որ 1991-ին փորձ արվեց 2000 տպաքանակով տպել «Լույս Համշենի» թերթը, որը տարածվում էր Աբխազիայի, ինչպես նաեւ Կրասնոդարի մարզի համշենահայերին, որտեղ հայկական խոսքի կարիք կար։ 2004 թվականի օգոստոսից սկսվել է «Ձայն համշենական» թերթի հրապարակումը, որի առաքման եւ հրապարակման գործում մեծ է Գ. Տրապիզոնյանի աջակցությունը։ Հանդիպման ժամանակ աբխազահայության ներկայացուցիչները անդրադարձան նաեւ Աբխազիայի հետագա կարգավիճակի խնդրին։ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, նույն կերպ նաեւ Աբխազիան է կայացրել նման որոշում»,- ասաց խորհրդարանի պատգամավորը։

http://www.armtown.com/news/am/yer/20061214/28256/
User avatar
avetik
 
Posts: 556
Joined: 20 Jan 2007, 09:12

Return to Armenian · Армянский · Հայերեն · Ermeni Dili

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

cron

Rambler's Top100