ՍՈՉԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ «ՀԱՄՇԵՆ» ԽՈՒՄԲԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԾՈՎԱՅԻՆ ԲՐԻԶ» ՓԱՌԱՏՈՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՐԱՅԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ
Սոչի քաղաքի Լազարևսկի ավանի ազգային մշակույթների կենտրոնի երգի, երաժշտության և պարի հայկական ժողովրդական «Համշեն» անսամբլը Սոչիում անցկացվող պատանի տաղանդների համազգային «Ծովային բրիզ» փառատոնում արժանացել է «Ժողովրդական պար» մրցանակին: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, փառատոնը անց է կացվել մանկական և պատանեկան արվեստի զարգացման «Ռուսաստանի երեխաներ» հիմնադրամի կողմից, որին մասնակցել են Ռուսաստանի տարբեր մարզերից ժամանած կատարողներ և ստեղծագործական կոլեկտիվներ:
«Համշեն» ժողովրդական անսամբլը ժյուրիի դատին է ներկայացրել «Բերդ» պարը և համշենահայերի ժողովրդական պարերից պոպուրի: Ինչպես նկատել է փառատոնի ժյուրիի նախագահ, Վոլոգդայի մարզի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր բալետմեյստեր, Ռուսաստանի վաստակավոր արվեստի գործիչ Վիտալի Պոստնիկովը, «Համշենը» միակ կոլեկտիվն էր, որը պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացրեց ժողովրդական պարը: Բացի հաղթողի գավաթից, «Համշեն» անսամբլը ստացել է նաև հատուկ դիպլոմ` ազգային ավանդույթների պահպանման համար, և արժեքավոր նվեր:
Տեղեկացնենք, որ «Համշեն» անսամբլը չի կարող մասնակցել «Մեկ ազգ-Մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնին, չնայած մասնակցության մասին վաղուց էր հայտարարել: Խնդիրն այն է, որ պատանի արվեստագետների` փառատոնին մասնակցելու համար Կրասնոդարի երկրամասում ֆինասնական հնարավորություններ չեն գտնվել: